Պատմություն

Սյունաց աշխարհի գողտրիկ անկյուն Մեղրիում է գտնվում Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը,որի ակունքները գալիս են շատ հեռվից:Ներկայիս դպրոցը,որ գտնվում է Մեղրի գետի աջ ափին, շահագործման է հանձնվել 1986 թվականին Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոց անվամբ  և այժմ տարածաշրջանում հայտնի է <<Մայր դպրոց>>,<<Դպրոց-կենտրոն>> անուններով:Դպրոցն ունի բազում գեղեցիկ ավանդույթներ,որոնք գալիս են դարերի խորքից…

Ք. ա. 189-ից մինչև  առաջին  դարի  սկիզբը  Մեղրին  ընդգրկվել  է  Հայաստանի  միասնական

պետության  մեջ`որպես  Սյունիքի  առանձին  նախարարություն:

Մեղրին  անաղարտ  է  պահել  իր  ազգագրական   կերպարանքը` հերոսաբար  մարտնչելով   օտար  զավթիչների  դեմ: Վկա  են  հսկա  լեռնալանջերին  բազմած  բերդերը:

Պատմական  Գողթն  գավառը  մեծ  դեր  է  խաղացել  Մեղրիի  կրթության,  պատմամշակութային  կյանքում:

Կիրթ  ու  բանիմաց  են  եղել  պատմական  արևները`  մեղրեցիները:

Հայաստանի   պետական  արխիվային  փաստաթղթերում  նշվում  է,  որ  մինչև  1880թ. Մեղրիում  գործել  են  երեք  մասնավոր  դպրոցներ` Մաթևոս  Շահյանի,  Ալեքսանոս  Վաչյանի  և  Երմագինոս  Տեր- Պետրոսյանցի:Ըստ  փաստագրության`  դպրոցներից  մեկը  գործել  է  Մեծ  թաղի  Աստվածածին  եկեղեցու  գավիթում  և  ունեցել  է  31  աշակերտ,  երկրորդը`  ուղղակի  Մեծ  թաղում,  ունեցել  է  30  աշակերտ,  երրորդը`  Փոքր  թաղում,  ունեցել  է  21  աշակերտ: Երեք  դպրոցների  տնօրեններն  էլ  ձգտել  են  մեկ  միասնական  շենք  ունենալ  և  միավորվել  մեկ  ընդհանուր  կանոնադրությամբ:

1881 թվականին,  երբ  Րաֆֆին  գալիս  է  Մեղրի, մեղրեցիները  մեծ  սիրով  են  ընդունում  վիպասանին,  իսկ  երեք  մասնավոր  դպրոցների  տնօրենները`  Մաթևոս  Շահյանի  ղեկավարությամբ,  խնդրում  են  Րաֆֆուն  օգնել  իրենց`  Մեղրիում  մեկ  միասնական  դպրոց  ունենալու  գործում: Մաթևոս  Շահյանը  ներկայացնում  է  նրան  միավորված  դպրոցների  կանոնադրությունը`  խնդրում  վերանայել  այն:

Մեղրեցիներին  օգնելու  նպատակով  Րաֆֆին  գնում  է  Էջնիածին`  Գևորգ  կաթողիկոսի  մոտ  և  հայտնում  նրան  մեղրեցիների  խնդրանքը: Կաթողիկոսը  հաստատում  է  կանոնադրությունը  և 1882թ. –ին վեհափառը  հատուկ  կոնդակով  շնորհավորում  է  մեղրեցիներին  միասնական  դպրոց  և  դպրոցական  շենք  ունենալու  առթիվ:

Եվ  այսպես,  1882թ-ին Րաֆֆու  ակտիվ  աջակցությամբ, Շահյանի  ջանքերով, նոր  կանոնադրությամբ  և  նորակառույց  միասնական  շենքում   /նախկին  Ադելյանի  անվան  դպրոցի  շենքում) սկսվում  է  Մեղրու  միասնական  դպրոցի  նոր  ուսումնական  տարին: Փաստեր  կան  այն  մասին,  որ  հասարակության  հանգանակությամբ  է  կառուցվել  միասնական  դպրոցի  շենքը:

  1. Հովհաննես Տեր- Գրիգորյանցը /Վահան քահանա/.  ավանդում  էր  ռուսաց  լեզու,  թվաբանություն,  ընդհանուր  աշխարհագրություն,  շաբաթական  30  ժամով:Ավարտել  էր  Էջմիածնի  Գևորգյան  ճեմարանը:
  2. Մաթևոս Շահյանը. ավանդել  է  հայոց  լեզու,  բնագիտություն,  շաբաթական  30  ժամով,  ռոճիկը  100  ռուբլի,  ավարտել  էր  Թիֆլիսի  հոգևոր  սեմինարիան:
  3. Երմոգինոս Տեր- Պետրոսյանցը. ուսուցիչ  կրոնի,  հայոց  պատմության,  երգեցողության,  վայելչագրության,  շաբաթական  30  դասաժամով,  ռոճիկը  170  ռուբլի: Վերջինս  ևս  ավարտել  էր  Թիֆլիսի  ծխական  դպրոցների  համար  ուսուցիչներ  պատրաստող  հոգևոր  սեմինարիան:

Հոգաբարձուներ  են  եղել.

Աղա  Վաչյանցը, Փարամազ  Սարգսյանը,  Կարապետ  Խաչիկյանցը,  վերջինիս  մահից  հետո`  Եսայի  Խաչիկյանցը: Ցավոք,  1885թ.  մարտի  1-ին  Մեղրու  դպրոցը  տերունական  հրամանով  փակվում  է:

1888-89 թվականներին  վերստին  գործող  դպրոցը  եղել  է  երկդասյա`  5  բաժանմունքով: Ունեցել  է  70  աշակերտ  և  5  ուսուցիչ: Դպրոցը  պահվել  է  հասարակական  միջոցներով`  թոշակադրումներով,  նվիրատվություններով:

1891 թվականից  Մեղրու  դպրոցում  կազմակերպվել  է  տղաների  և  աղջիկների  համար  համատեղ  ուսուցում: 1896-ին  դպրոցն  ունեցել  է  110  աշակերտ /որից  20-ը  աղջիկ /:  1907-08 ուս.  տարում  ունեցել  է  160  աշակերտ,  իսկ  1908-09  ուս.  տարում  դպրոցը  եղել  է  յոթնամյա`  300  աշակերտով:

Այդ  տարիներին  ճանաչված  և  հեղինակավոր  ուսուցիչներ  են  եղել`  Գարեգին  Միլոյանը,  Ղևոնդ  Մեժլումյանը, Բարդուղիմեոս  Տոշյանը  և  այլոք: Մեղրիում  պատկառելի,  լեգենդ  դարձած  մանկավարժ  է  եղել  Գևորգ  Խարմանյանը,  որը  հրաշալի  տիրապետում  էր  ֆրանսերենին: Նրա  մանկավարժական  գնահատելի  գործունեությունը  նկատի  ունենալով  են  նրա  մանկավարժական  քսանհինգամյա  տարեդարձը  մեծ  հանդիսավորությամբ  նշել  դպրոցում:

Գևորգ Խարմանյանի տունը. նշում են նրա 25-ամյա մանկավարժական գործունեությունը

Ձեռագիր  արձանագրություններից  մեկում  էլ  նշվում  է,  որ  1909-10  թ.թ. ուսումնական  գործընթացը  արգասավոր  է  եղել,  քանի  որ  այդ  տարի  նոր  ընդունված  աշակերտներն  առաջին  դասարանում  եղել  են  36  հոգի:

1911-12 ուս.  տարում  Մեղրու  դպրոցն  ունեցել  է  217  աշակերտ,  որից  125-ը`  աղջիկ: 1913-14 թ.թ. դպրոցը  եղել  է  6- ամյա,  երկսեռ, ուր  սովորել  են  79  տղա,  109  աղջիկ:

Տարիները  գեղեցիկ  պատմություններ  էին  հյուսել: Պապենական  շենքում  մանկավարժական  սրբազան  գործունեություն  էին  շարունակում  ծավալել  Գրիգոր  Փարսադանյանը,  Ռուբեն  Պողոսյանը,  Իշխան  Մանուչարյանը  և  այլոք: Զգալիորեն  ավելանում  էր  աշակերտների  թիվը,  շենքային  պայմանները  փոքր  էին:

Դեռ  1954 թվականից  անհրաժեշտություն  էր  զգացվում  դպրոցական  նոր  շենք  կառուցելու:  1957  թվականին  արդեն  պատրաստ  էր  շենքը:  Դպրոցի  ուսուցիչներն  ու  աշակերտները  մեծ  ուրախությամբ  տեղափոխվեցին  նոր  շենքը  և  ուսումնական  տարին  էլ  սկսվեց  1957  թվականից:Դպրոցի  տնօրեն  դարձավ      Մամիկոն  Հարությունյանը`  պատկառելի  մի  մարդ,  մաթեմատիկական  հարուստ  գիտելիքներով  օժտված: Դպրոցը  կոչվեց  Ստեփան  Շահումյանի  անվամբ:

Ուսուցիչների  մի  համաստեղություն  աշխատեց  դպրոցում,  դպրոցը  ճանաչելի  դարձրեց  հանրապետությունում:  Ապագա  տաղանդավոր  մարդիկ  կրթվեցին  այս  դարբնոցում: Շատ  էին  և  որակ  էին: Ցավոք,  բոլորին  թվարկել  չենք  կարող:

Մամիկոն  Հարությունյան,  Բախշի  Սարգսյան,  Երմոնյա  Հարությունյան,  Ելենա  Վարդիկյան,  Ռոզա  Բուդաղյան,  Պավել  Առուստամյան,  Պայծառիկ  Համբարձումյան,  Նորա  Խաչյան,  Թևոս  Ալեքսանյան,  Նուշիկ  և  Շուշիկ  Խաչատրյաններ,  Արտուշ  Ասլանյան,  Էմմա  Միքայելյան,  Արևիկ  Մինասյան,  Թամարա  Սարգսյան,  Սոս  Մարտիրոսյան…

1972թվականին  գործադիր  կոմիտեի  որոշմամբ  դպրոցը  բաժանվեց  երկու  մասի` հիմնական/ութամյա/  և  միջնակարգ /տասնամյա /:

1987 թվականից առ այսօր դպրոցը շարունակելով լավագույն ավանդույթները ունեցել է իրենց գործին նվիրյալ ուսուցիչներ,որոնք ջանք ու եռանդ չեն խնայել մատաղ սերնդի դաստիարակության գործում՝Լաուրա Խաչատրյան,Վերժինե Գրիգորյան,Վոլոդյա Հարությունյան,Լիլիկ Մկրտչյան,Էվելինա Ադամյան,Գալյա Սարգսյան…

Շարունակելի….